ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀԱՐՑ ԹԵՐԱՊԵՎՏԻՆ

Պատասխանում է բժիշկ թերապևտ՝ Աննա Սերոբյանը

Հոգնածությու՞ն, քնկոտությու՞ն, դյուրագրգիռ վիճա՞կ

Եթե դուք տևական ժամանակ ունեք հոգնածության զգացողություն, քնկոտ եք, դյուրագրգիռ և այլն, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ պատճառները կարող են լինել բազմազան (քրոնիկ հոգնածության համախտանիշ, կամ որևէ օրգանական պաթոլոգիայի դրսևորում), և միայն մասնագետի գրագետ մոտեցման (անամնեզի հավաքում, լաբորատոր և գործիքային հետազոտությունների համադրում) շնորհիվ կարելի է պարզել պատճառը և  նշանակել բուժում, որն ուղղված կլինի պատճառի վերացմանը։ Պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում, և երբեք պետք չէ հիմնվել այլ օրինակների վրա ու զբաղվել ինքնաբուժությամբ։

Ունեմ հաճախակի գլխացավեր, որոնց դեպքում միշտ օգնում են ցավազրկողները։ Պետք է արդյո՞ք դիմել բժշկի, եթե այո, ապա ո՞ր մասնագետին։

Գլխացավերը երկրագնդի վրա գոյություն ունեցող առողջական խնդիրներից ամենա տարածվածներից են։ Պատճառները կարող են լինել բազմաթիվ (սթրեսներ, գերլարվածություն, տարբեր ինֆեկցիոն հիվանդություններ, բորբոքային պրոցեսներ, գլխուղեղի օրգանական հիվանդություններ, սննդային անտանելիություն և այլն)։ Ցավի պարբերական կրկնումները վկայում են օրգանիզմում քրոնիկ խնդիրների առկայության մասին։ Եվ անկախ այն բանից, թե ցավն անցնում է անալգետիկների (ցավազրկողներ) կիրառումից թե ոչ, միևնույն է ճիշտ ախտորոշման և բուժման համար, անհրաժեշտ է դիմել բժշկի։ Սկզբում անհրաժեշտ է դիմել նյարդաբանի կամ թերապևտի, ում կողմից էլ կկազմակերպվի հետագա ախտորոշումն ու բուժումը, կամ կարիքի դեպքում կուղեգրվի այլ մասնագետի խորհրդատվության։

Եթե ունեմ ցավեր աջ թուլակողում, ինչի՞ մասին կարելի է մտածել։

Եթե ունեք ցավեր աջ թուլակողում, ապա անհապաղ պետք է դիմել թերապևտին, ով էլ՝ օբյեկտիվ զննման, անամնեստիկ տվյալների, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքերի վրա հիմնվելով, կկարողանա ճիշտ ախտորոշել և գրագետ կազմակերպել ձեր հետագա բուժումը։ Առաջին հերթին պետք է հասկանալ ցավի բնույթը (ծակոց, բութ ցավեր, ծանրության, ճնշման զգացողություն և այլն), քանի որ տարբեր հիվանդությունների (լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, աղիների հիվանդություններ, ողնաշարի կրծքային հատվածի օստեոխոնդրոզ, միջկողային նևրալգիաներ և այլն ) ժամանակ ցավի բնույթն էապես տարբերվում է ։ Նման դեպքերում երբեք պետք չէ ընդունել ցավը հանգստացնող պրեպարատներ, և տանը նստած սպասել խնդրի լուծմանը։ Ձեր և բժշկի ճիշտ համագործակցությունը կարող է կանխել անցանկալի բարդությունների առաջացումը։

Վիտամինների, բիոակտիվ հավելումների ընդունումը կարո՞ղ է վնաասակար լինել

Վիտամինները կենսակար կարևորության օրգանական միացություններ են, որոնց պակասի դեպքում կարող են առաջանալ դրանց դեֆիցիտով կամ անբավարարությամբ պայմանավորված մի շարք հիվանդություններ, իսկ ֆիզիոլոգիական պահանաջը գերազանցող չափաբաժնից ավել դրանց ընդունման դեպքերում կարող են ի հայտ գալ անցանկալի կողմնակի երևույթներ և ախտաբանական խանգարումներ։ Հետևաբար ցանկալի չէ առանց բժշկի հետ խորհրդակցելու տարատեսակ վիտամինային կեմպլեքսներ ընդունել։ Ինչ վերաբերվում է БАД-երին (բիոակտիվ հավելումներ) ոչ թե հիվանդությունների բուժման հրաշագործ միջոցներ են, այլ սնունդ-կախյալ և էկոլոգիապես պայմանավորված հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների անեմօրյա բաղադրիչ։ БАД-երը դարձել են ժամանակակից կյանքի կարևորագույն էլեմենտը, բայց որպեսզի դուք չվնասեք ձեր առողջությանը, հարկավոր է դրանք ընդունել մասնագետների հետ խորհրդակցելուց հետո։

Ի՞նչ անել հարբուխի ժամանակ

Հարբուխը, դա քթի լորձաթաղանթի բորբոքումն է, որն ուղեկցվում է փռշտոցներով և լորձաթաղանթային արտադրությամբ։ Այս դեպքում բուժումն ուղղված է ախտանիշների վերացմանը (սիմպտոմատիկ բուժում)։ Շատ կարևոր է անձնական հիգիենայի պահպանումը, ինչպես բուժական, այնպես էլ պրոֆիլակտիկ նպատակներով։ Անհրաժեշտ է ընդունել մեծ քանակությամբ գոլ հեղուկներ, ջերմիջեցնողներ (եթե ջերմությունը բարձր է 380C-ից), վիտամիններով հարուստ, դյուրամարս սնունդ և սահմանել անկողնային ռեժիմ։ Եթե այդ ամենի կիրառումից ախտանիշները 3-5 օրվա ընթացքում չեն թեթևանում, ապա անպայման դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Երբեք առանց բժշկի նշանակման չօգտագործել հակավիրուսային կամ հակաբակտերիալ պրեպարատներ, որովհետև միայն օբյեկտիվ տվյալների գնահատման արդյունքում մասնագետը կարող է որոշել բուժման տակտիկան, այլապես որոշակի խմբերի դեղորայքների անտեղի կիրառումը կարող է ոչ թե օգնել, այլ վնաս հասցնել ձեր առողջությանը։

ՀԱՐՑ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳԻՆ

Կարելի է արդյո՞ք բուժել կանանց սեռական ցանկության նվազումը կամ բացակայությունը։

Այս հարցը շատ ծավալուն է։ Անդրադառնանք հիմնական դրդապատճառներին՝

սեռական աններդաշնակություններ

հոգեկան և հոգեբանանական խնդիրներ

զուգընկերոջ առողջական խնդիրներ 

կանանց հորմոնալ խախտումներ

գինեկոլոգիական հիվանդություններ

նյարդաբանական խախտումներ

սեռական  ոչ լիարժեք զարգացում

ոչ լիարժեք գիտելիքներ և նորմայի պատկերացում

սեռական բնածին ուժգնության թույլ զարգացում և այլ գոծոններ

Նման խնդիրների առկայության դեպքում պետք է դիմել  մասնագետին  և  հետազոտվել։ Բուժման տարբերակները տարբեր են՝ դեղորայքային, հոգեթերապիա, սեքս-թրեյնինգ, ֆիզիոթերապիա, զույգային աշխատանք  և այլ բուժիչ ու կանխարգելիչ աշխատանքներ։ Բուժման տևողությունը՝ 1-3 ամիս։

Ավելորդ քաշը կարո՞ղ է ազդել սեքսուալ ակտիվության վրա

Արական և իգական սեռերի ֆիզիոլոգիական տարբերությունը բերում է ավելորդ քաշի ազդեցության յուրահատկությունների։ Պատճառները կարող են լինել՝ շաքարային դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ, հիպոթիրեոզ, մակերիկամի որոշ խախտումներ, հիպոդինամիա, անկանոն, ոչ առողջ սննդակարգ և այլն։ Ավելորդ քաշը նպաստում է սրտանոթային հիվանդությունների առաջացմանը և իհարկե թույլ չի տալիս ավելի ինտենսիվ և զանազան դիրքերով սեռական մոտեցումների։ Բոլոր գիրացած անձնավորությունների մոտ նկատվում է սեռական հորմոնների նվազում և ի հետևանք դրան նվազում են սեռական ցանկությունը, սեքսի քանակական և որակական պարամետրները՝ ավելի անորակ էրեկցիա, սերմնաժայթքման խախտումներ, հեշտանքի խամրում և բացակայություն։ Եթե ձեզ անհանգստացնում են նշված գանգատները՝ դիմեք մեզ և մենք կոգնենք։

Վաղաժամ սերմնաժայթքում

Վաղաժամ սերմնաժայթքման դրդապատճառների կարող են լինել՝ ի ծնե զարգացած սերմնաժայթքման կենտրոնների աշխատանք, շագանակագեղձի և միզուկի հետին հատվածի քրոնիկական բորբոքումներ, ողնաշարի գոտկային հատվածի որոշակի խախտումներ, որոշ նևրոզների և դեպրեսիաների ուղեկցող գանգատ, որոշ հորմոնալ խախտումներ, երկարատև սեռադադարներից հետո զարգացած խնդիրներ (փոքր կոնքի արյան շրջանարության խախտումներ և սեռական կենտրոնների գերգրգռվածություն) և հարաբերական արագացումներ կապված կնոջ հետ աններդաշնակության երևույթների հետ։ Այս ամբողջը հասկանալու և օգնելու համար պացիենտի այցելությունը պարտադիր է։  Բոլոր դեպքերում մենք կապահովենք առաջընթաց՝ բուժման ժամանակակից մեթոդներով։ Կախված խնդիրներից, բուժման մեթոդները և տևողությունները տարբեր են։

Ի՞նչի հետևանքով կարող է առաջանալ ոչ լիարժեք էրեկցիան

Ոչ լիարժեք էրեկցիայի առաջացման պատճառները հետևյալն են՝ առնանդամի և փոքր կոնքի զարկերակային և երակային անոթային խախտումները, նյարդային խախտումները, հոգեկան և հոգեբանական խախտումնեըր, միզասեռական օրգանների քրոնիկ բորբոքային պրոցեսները, անդրոգենային դեֆիցիտը, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի ֆունկցիայի բարձրացումը կամ իջեցումը, մակերիկամների ոչ լիարժեք աշխատանքը, հիպոֆիզար խնդիրները, սեռական աններդաշնակությունները, նյութափոխության խախտումները, որոշ քրոնիկ հիվանդությունները ( լյարդի , երիկամների ) և այլ բազմաթիվ խնդիրներ։ Բոլոր այս խնդիրները նույնանման չեն լուծվում, ուստի կարևոր է սկզբում ճիշտ ախտորոշել,  և հետո ընտրել բուժման եղանակները։

 Եթե նկատվում են էրեկտիլ խախտումներ, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում ինչ որ համակարգ լավ չի գործում և հետաձգելով այցը համապատասխան մասնագետի մոտ  ավելի է բարդանում խնդրի լուծման հետագա արդյունավետությունը։

ՀԱՐՑ - ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ անել, եթե պայմանավորված օրը և ժամին Մեր բժիշկը անհասանելի է

Եթե պայմանավորված օրը և ժամին Մեր բժիշկը Ձեզ հետ կապի դուրս չի եկել կամ այլ կերպ Ձեզ չի տեղեկացրել նշանակված օրվա կամ ժամի փոփոխության մասին, խնդրում ենք սպասել մինչև 5 րոպե, այնուհետև անհապաղ Մեզ հետ կապ հաստատել 8155 կամ 011 778155 հեռախոսահամարներով։

Մենք կփորձենք պարզել պատճառները, Ձեզ հետ համաձայնեցնելով կնշանակենք այլ ժամ կամ կվերադարձնենք Ձեր վճարած ամբողջ գումարը։

Ի՞նչ է անելու Կենտրոնը, եթե պայմանավորված օրը և ժամին Դուք անհասանելի եք

Եթե Դուք Մեր մասնագետի հետ նախապես որոշված ժամին նրա հետ կապ չեք հաստատում, Մենք սպասելու ենք մինչև 10 րոպե և Մեզ մոտ եղած բոլոր կոնտակտներն օգտագործելու ենք Ձեզ հետ կապ հաստատելու համար, սակայն, եթե այնուամենայնիվ չստացվի, վճարված գումարը վերադարձի ենթակա չէ։

Ի՞նչ անել, եթե Դուք կարծում եք, որ Ձեզ մատուցվել է ոչ պատշաճ որակի ծառայություն

Դուք կարող եք դիմել Կենտրոնին, եթե կարծում եք, որ Ձեզ մատուցվել է ոչ պատշաճ որակի ծառայություն։ Նման պահանջով կարող եք դիմել խորհրդատվությունը ստանալուց հետո մինչև 5 (հինգ) օրվա ընթացքում։ Մենք կուսումնասիրենք Ձեր հայտը և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում կպատասխանենք Ձեզ էլ․ նամակով:

Ի՞նչպիսի տեխնիկական պահանջների պետք է բավարարեն համակարգիչը կամ բջջային հեռախոսը օնլայն խորհրդատվություն համար

▪  Համակարգչի օպերացիոն համակարգը (OS) պետք է լինի Windows 7+ կամ MacOS X+

▪  Հեռախոսի (սմարթֆոն) օպերացիոն համակարգը՝ iOS, Android

▪  Դիտարկիչը (Browser)` Chrome, Mozilla Firefox, Opera (ցանկալի է վերջին թարմացումներով)։

Ի՞նչ հավելվածներ են օգտագործվելու օնլայն խորհրդատվության ժամանակ

Օնլայն խորհրդատվության ժամանակ անհրաժեշտ է համակարգչում կամ հեռախոսում ունենալ հետևյալ հավելվածներց որևիցե մեկը՝   Skype, Whatsapp, Viber, FB Messenger:

ՀԱՐՑ ԷՆԴՈԿՐԻՆՈԼՈԳԻՆ

Պատասխանում է բժիշկ էնդոկրինոլոգ` Լիանա Ավետիսյանը

Ի՞նչ է խպիպը

Խպիպը վահանաձև գեղձի մեծացումն է, որը կարող է լինել դիֆուզ, երբ մեծանում է ամբողջ գեղձը և հանգուցավոր, երբ առաջանում են առանձին հանգույցներ: Խպիպը լինում է էնդեմիկ, որի հիմնական պատճառն օրգանիզմում յոդի պակասն է: Յոդը ստացվում է արտաքին միջավայրից և, քանի որ Հայաստանում ծովամթերքը քիչ է, յոդի պակասի լրացման համար ընդունված է աղի պարտադիր յոդացումը:
Վահանաձև գեղձը կարող է մեծանալ նաև տարբեր հիվանդությունների հետևանքով։

Ի՞նչ է շաքարային դիաբետը

Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, պայմանավորված ինսուլինի հարաբերական կամ բացարձակ անբավարարությամբ, որի արդյունքում, տեղի է ունենում սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, ջրաաղային փոխանակության խանգարում: Այն արտահայտվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով, կլինիկորեն դրսևորովում է պոլիուրիայով (հաճախամիզություն), պոլիդիպսիայով (շատ ջուր օգտագործելը), նիհարումով, բերանի չորությամբ։ Ինչպես արդեն նշեցի պատճառը կարող է լինել ինսուլինի հարաբերական անբավարարությունը, երբ ինսուլինի արտադրությունն օրգանիզմում նորմալ է, բայց ռեցեպտորների զգայունությունն է իջած, կամ բացարձակ անբավարարությունը, երբ ենթաստամոքսային գեղձի բետտա բջիջների կողմից արտադրվող ինսուլինի քանակի բացահայտ պակաս կա։
Կանխարգելան նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կատարել արյան մեջ գլյուկոզայի և խոլեստերինի ստուգում։ Եվ եթե արդյունքները նորմայից բարձր լինեն, անհրաժեշտ կլինի ավելի խորացված հետազոտություններ անցնել։
Իսկ արդեն շաքարային դիաբետ ունեցողների համար շատ կարևոր է վերահսկել սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը, դեղամիջոցների օգտագործումը (եթե նշանակվել են դեղամիջոցներ), գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Վերջինս հնարավոր է կատարել տնային պայմաններում՝ գլյուկոմետրերի միջոցով՝ մազանոթային արյան մեջ գլյուկոզայի չափմամբ։
«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնում կարող եք ձեռք բերել Accu-Chek ֆիրմայի գլյուկոմետրեր, տեստ երիզներ, ասեղներ և ինսուլինի համար նախատեսված թերմոպայուսակներ։ Դե իսկ ախտորոշման և բուժման գրագետ ընթացքը կկազմակերպվի էնդոկրինոլոգի կողմից։

Ինչպե՞ս կարող է էնդոկրինոլոգն օգնել ճարպակալման դեպքում

Ճարպակալումն էնդոկրին հիվանդություն է։ Հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ հորմոնալ ֆոնի փոփոխությունը (հիպերինսուլինիզմ, հիպոթիրեոզ, Կուշինգի համախտանիշ և այլն): Ինչ վերաբերում է երեխաներին՝ ճարպակլումը անդրադառնում է նրանց ֆիզիկական, սեռական, հոգեհուզական զարգացման վրա։ Շատ կարևոր է պարզել ճարպակալման պատճառը և հետո միայն նշանակել բուժում և կարգավորել սննդակարգը։ Ինչպես ցանկացած քրոնիկ հիվանդության, այնպես էլ ճարպակալման դեմ պայքարը, պահանջում է համատեղ ջանքեր՝ պացիենտի, ընտանիքի անդամների և բժշկի կողմից։

Երեխաների որ խումբը էնդոկրինոլոգի կարիք ունի

▸ Այն երեխաները, որոնց ծնողներն ունեն էնդոկրին պաթոլոգիա(վահանագեղձի հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն)

▸ Հավելյալ կամ անբավարար քաշով երեխաները, հասակի դանդաղ կամ արագ տեմպ ունեցող երեխաները։

▸ Երեխաները և դեռահասները 8,10-12 և 15-17 տարեկան՝ գնահատելու նրանց ֆիզիկական և սեռական զարգացումը, կատարել վահանագեղձի զննում։

ՀԱՐՑ ԳԻՆԵԿՈԼՈԳԻՆ

Պատասխանում է բժիշկ գինեկոլոգ` Արմինե Հովհաննիսյանը

Դաշտանային ցիկլի ո՞ր օրերին է նպատակահարմար դիմել գինեկոլոգիական կանխարգելիչ հետազոտման (check up)։

Կանխարգելիչ նպատակով ցանկալի է դիմել դաշտանի ավարտից հետո, իսկ գանգատների դեպքում ՝  հենց տվյալ պահին, անկախ ցիկլի օրերից։

Դաշտանային ցիկլս անկանոն է, դաշտանի տևողությունը ևս։ Արդյո՞ք պետք է անհանգստանամ և դիմեմ գինեկոլոգի։ Նշեմ նաև, որ սեռական կյանքով չեմ ապրում։

Դաշտանային ցիկլը կարող է լինել 21-35-37 օրյա, իսկ դաշտանի տևողությունը՝ 2-7 օր։ Եթե Ձեր դաշտանը տարբերվում է վերը նշվածից կամ հաճախակի և կտրուկ փոփոխվում է նշված միջակայքերի սահմաններում, ապա խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգի, անկախ սեռական կյանքի առկայությունից և հետազոտվել։

Ապրում եմ սեռական կյանքով և այս ամիս ունեցել եմ դաշտանի ուշացում։ Դրել եմ հղիության տեստ, կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, սակայն հղիություն չի հայտնաբերվել։ Ինչո՞վ է պայմանավորված դաշտանի ուշացումը, ի՞նչ կարող եմ անել։

Քանի որ ապրում եք սեռական կյանքով, դաշտանի ուշացման դեպքում առաջինը պետք է հաստատել կամ ժխտել հղիության փաստը։ Փոքր ժամկետի հղիության դեպքում փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ-ն և մեզով դրվող տեստը կարող են լինել ոչ ինֆորմատիվ, ցույց չտալ առկա հղիությունը։ Այս իրավիճակում խորհուրդ է տրվում դիմել գինեկոլոգի, արյան անալիզի միջոցով հստակեցնել հղիության փաստը։ Հղիության ժխտման դեպքում անհրաժեշտ կլինի կատարել հավելյալ հետազոտություններ։

Երբեմն ունենում եմ քոր, այրոց, տարբերվող արտադրություն սեռական ուղիներից, որոնք անհանգստություն են պատճառում ինձ, սակայն մի քանի օրից ինքնուրույն անցնում են։ Արժի արդյո՞ք անհանգստանալ։

Ձեր նկարագրածը նման է սեռական ուղիների խրոնիկ բորբոքային հիվանդության։ Խորհուրդ է տրվում գանգատների օրերին դիմել գինեկոլոգի, անցնել գինեկոլոգիական զննում, հանձնել քսուք հեշտոցից, որպեսզի հստակեցվի ախտորոշումը։