Դիետոթերապիա

Դիետոթերապիա

Գոյություն ունեն սնուցման շատ տեսություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առավելությունները և թերությունները։ Նշեմ մի քանի տեսություններ․

բալանսավորված սնուցում
ադեկվատ սնուցում
սնման օպտիմիզացում
բուժական սնուցում

Մի քանի խոսքով անդրադառնամ բուժական սնուցմանը (դիետոթերապիա)։ Այն իրենից ներկայացնում է այս կամ այն հիվանդության բուժման նպատակով հիվանդին նշանակված սննդակարգը։ Դիետոթերապիայի խնդիրը կայանում է նրանում, որ բուժման մյուս մեթոդների հետ համատեղ ազդեն հիվանդությունն առաջացնող պատճառների վրա և նպաստեն հիվանդի շուտափույթ ապաքինմանը։ Դիետոթերապիան հանդիսանում է կոմպլեքս բուժման կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Սովորաբար այն նշանակվում է բուժման մյուս մեթոդների (դեղամիջոցներ, վիրաբուժական միջոցառումներ, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ և այլն) հետ համատեղ։

Բուժական սնուցումը կիրառում են նաև պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) նպատակներով, օրգանիզմի պաշտպանական ունակությունները բարձրացնելու և արտադրությունում մարդու օրգանիզմ ներթափանցած թունավոր նյութերը վնասազերծելու նպատակով։

Դիետոթերապիայի սկզբունքներից են․
 բալանսավորվածությունը
 սնուցման ռեժիմը
 սննդի բազմազանությունը, անհրաժեշտ է բավարարել հիվանդի ճաշակը թույլատրելիի սահմաններում։

Միօրինակ սննունդն արագ ձանձրացնում է և բերում է առանց այդ էլ իջած ախորժակի անկման, իսկ մարսողական օրգանների գրգռման անբավարարությունը վատացնում է սննդի յուրացումը։
սննդի բարձր օրգանոլեպտիկ (համ, հոտ) հատկությունը
 սննդի սանիտարահամաճարակաբանական անվտանգությունը և որակը
 սննդի լավ յուրացումը՝ կախված նրա բաղադրությունից և պատրաստման եղանակից (եփում, շոքեխաշում, տապակում, խորովում և այլն)։ Ճիշտ խոհարարական մշակման ապահովումը՝ սննդի բարձր համային որակների և արժեքավոր հատկությունների պահպանմամբ։

Բուժական սնուցումը պետք է լինի բավականին դինամիկ, որը թելադրվում է նրանով, որ ցանկացած բուժական դիետա սահմանափակիչ է, հետևաբար միակողմանի է ու ոչ լիարժեք։ Դրանով պայմանավորված երկարատև այդպիսի դիետային հետևելը կարող է բերել մի կողմից օրգանիզմի մասնակի քաղցին՝ առանձին սննդանյութերով պայմանավորված, մյուս կողմից էլ վերականգնման փուլում խախտված ֆունկցիոնալ մեխանիզմների ապավարժեցման։ Այդ պատճառով դիետոթերապիայում լայնորեն առաջնորդվում են խնայողական և վարժեցման սկզբունքներով։ Խնայողական սկզբունքը սովորաբար կիրառում են բուժման սկզբում։ Այն լինում է մեխանիկական, քիմիական, թերմիկ (ջերմային)։ Հետագայում պետք է անցնել վարժեցման սկզբունքին, որն իրենից ներկայացնում է սկզբնական խիստ դիետայի ընդլայնում՝ լիարժեք սնուցման ռեժիմի կիրառման նպատակով։

Վարժեցումը կատարվում է «աստիճանական» ( նախապես սահմանափակված սննդանյութերի աստիճանական ընդգրկում) և «զիգզագաձև» համակարգերով։ Զիգզագների համակարգը իրենից ներկայացնում է դիետայի հարաբերական, կտրուկ և կարճատև փոփոխումները։ Այդպիսի դիետաները և դրանց կիրառման օրերը կոչվում են կոնտրաստային։ Կան 2 տեսակի կոնտրաստային դիետաներ (օրեր)․

1. ծանրաբեռնող դիետաներ («պլյուս զիգզագներ»), կիրառվում են վարժեցման նպատակով։
2. բեռնաթափող դիետաներ («մինուս զիգզագներ»), որոնք հիմնված են սննդի էներգետիկ արժեքի

սահմանափակման վրա, կամ ռացիոնի քիմիական բաղադրության նպատակաուղղված վերափոխումն են, որոնք ապահովում են վնասված ֆունկցիոնալ մեխանիզմների խնայումը, ինչպես նաև նյութափոխանակային խանգարումների շտկումը։
Որոշակի հիվանդությունների (աղեստամոքսային տրակտի, նյութափոխանակային հիվանդություններ) բուժման ժամանակ դիետոթերապիան իր ուրույն և առաջնակի տեղն է զբաղեցնում բուժական մեթոդների շարքում։ Իսկ մյուս դեպքերում էլ այն բարենպաստ ֆոն է ստեղծում այլ թերապևտիկ միջոցառումների էֆեկտիվության դրսևորման համար։

Թերապևտ, նուտրիցիոլոգ՝ Աննա Սերոբյան