Ֆիզիոթերապիան շնչառական համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ

Ֆիզիոթերապևտիկ միջամտությունները բավականին արդյունավետ են տարբեր հիվանդությունների բուժման վերականգնողական փուլում, մասնավորապես բրոնխ-թոքային համակարգի հիվանդությունների  ժամանակ։

Ֆիզիոթերապիան շնչառական համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ

Շնչառական հիվանդությունների մեծ մասի վերականգնողական խնդիրներն են՝ բորբոքային օջախների ներծծումը, բրոնխիալ անցանելիության լավացումը, բրոնխիալ  դրենաժային ֆունկցիայի վերականգնումը, թոքերի հավասարաչափ օդափոխումը, թոքերի օդափոխման պարամետրերի բարելավումը, արյան շրջանառության և սնուցման լավացումը, դեֆիբրոզացնող ազդեցությունը, իմունիտետի ամրապնդումը։

«Վիտա Լոնգա» բժշկական կենտրոնը հագեցված է ֆիզիոթերապևտիկ նորագույն սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ֆիզիոթերապևտիկ տարբեր մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են՝ բարձր հաճախականության հոսանքներով թերապիան և ինդուկտոթերմիան, կարճ-ալիքային թերապիան, էլեկտրոթերապիան, ցածր և բարձր ինտենսիվության մագնիսոթերապիան, ուլտրաձայնային թերապիան, լազերային թերապիան, հասնել շնչառական համակարգի հիվանդությունների բուժման ցանկալի արդյունքի։

Մեթոդի ընտրությունը կախված է հիվանդությունից և բարդության աստիճանից։ Այսպես, բրոնխիտի և թոքաբորբի ավելի սուր շրջանում կատարվում է բարձր հաճախականության հոսանքներով թերապիա, ինդուկտոթերմիա, կարճ-ալիքային թերապիա։

Բարձր հախախականության թերապիայի (BTL-6000 Shortwave 400, Անգլիա) սարքավորման առավելությունը գեներացված իմպուլսային ռեժիմի առկայությունն է, որը թույլ է տալիս սուր բորբոքման ժամանակ  նվազեցնել ոչ սպեցիֆիկ ջերմային ազդեցությունը և ուժեղացնել հակաբորբոքային, բակտերոստատիկ,  նյութափոխանակությունը և սնուցումը լավացնող գործոնի սպեցիֆիկ ազդեցությունը։

Ինդուկտոթերմիան,  կարճ-ալիքային թերապիան թողնում է հակաբորբոքային, հակաայտուցային, վերականգնողական ազդեցություն, արագացնում է արյան շրջանառությունը, լավացնում է սնուցումը, խթանում է տեղային իմունիտետի առաջացումը, նպաստում է բորբոքային օջախի ներծծմանը։

Թոքաբորբերի երկարատև ընթացքի, բրոնխիտի, բրոնխոօբստրուկցիայի, ալերգիկ կոմպոնենտի, հիպերսեկրեցիայի ժամանակ լայն կիրառություն ունեն էլեկտրոֆորեզի տարբեր մեթոդները՝ հիմնված հաստատուն էլեկտրական հոսանքների վրա (BTL-4620 Premium, Անգլիա)։ Հաստատուն հոսանքները կիրառվում են պաթոլոգիական օջախում  նյութափոխանակության պրոցեսները խթանելու, ներծծման, ավշային և արյան շրջանառության լավացման, ինչպես նաև դեղորայքի ներմուծման և  բորբոքային օջախում դեղորայքային պահեստ ստեղծելու համար։ Մեթոդը կարելի է կիրառել ինչպես տեղային՝ օջախային, այնպես էլ ամբողջական։ Դեղորայքը՝  կացիումի, յոդի իոններ, հեպարին, ֆերմենտներ, էուֆիլին, մագնեզիում, ալոե և այլն, ընտրվում է կախված հիվանդության ծանրության աստիճանից և ախտանիշներից։

էլեկտրոթերապիայի ժամանակ միջին հաճախականության հոսանքները նպաստում են թոքաբորբերի երկարատև ընթացքի, խրոնիկական բրոնխիտի ժամանակ բորբոքային օջախի ներծծմանը, արյան շրջանառության և սնուցման լավացմանը։ Միջամտության արդյունավետությունն ավելի է բարձրանում վակուումային  թերապիայի հետ միաժամանակյա օգտագործմամբ։

Բրոնխոսպազմի ժամանակ իմպուլսային հոսանքերը օգտագործվում են միոստիմուլյացիոն ռեժիմով, պացիենտի արտաշնչման ժամանակ, նպաստում են դրենաժային ֆունկցիայի ակտիվացմանը, նվազեցնում են հիպերսեկրեցիան, լավացնում են էքսպիրատոր ֆունկցիան։ Այս ամենը նպաստում են բրոնխիալ ճյուղերի մաքրմանը և նվազեցնում  թոքերում կանգային երևույթները։ Շնչառական անբավարաության ժամանակ ստոծանու մկանների էլեկտրոխթանումը նպաստում է թոքերի օդափոխության, հեմոդինամիկայի, գազափոխանակության կարգավորմանը։

 Ցածր հաճախականության ցածր ինտենսիվության մագնիսոթերապիան (BTL-4920 Premium, Անգլիա) ունի հակաբորբոքային, հակաայտուցային ազդեցություն, խթանում է ֆագոցիտար պաշտպանությունը, լավացնում է արյան շրջանառությունը և սնուցումը, կարող է օգտագործվել բրոնխ-թոքային հիվանդությունների սուր պրոցեսների նվազեցման համար, հատկապես թույլ պացիենտների մոտ, որոնց հակացուցված է բարձր հաճախականության հոսանքերով թերապիան։ Հարմարավետ ապլիկատորները թույլ են տալիս ազդել ինչպես տեղային՝ թոքերում եղած օջախների վրա, այնպես էլ ամբողջական՝ բրոնխ-թոքային համակարգի վրա։ Ցանկալի բուժական արդյունքի համար  հարկավոր է անցնել ամբողջական կուրսը ՝ 10 – 15 միջամտություն։

Ուլտրաձայնային թերապիան (BTL 4710 Smart, Անգլիա) կիրառվում է՝ թոքերի արյան շրջանառության լավացման, խորխահեռացումը խթանելու, պլևրալ կպումները և թոքային հյուսվածքի սկլերոզացումը  կանխելու համար։ Ուլտրաձայնային թերապիայի խթանիչ ազդեցությունը անկայուն ռեմիսիայի և դանդաղընթաց բորբոքային պրոցեսի ժամանակ դրսևորվում է պերիբրոնխիալ և պերիվասկուլյար ինֆիլտրացիայի ամբողջական ներծծմամբ։ Իմունոլոգիական հետազոտությունների տվյալներով, նվազում է օրգանիզմի զգայնությունը բակտերիալ ալերգենների նկատմամբ, արյան մեջ բարձրանում է կոմպլեմենտի, լիզինի, լիզոցիմի տիտրը, որը վկայում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացման մասին։ Դեղորայքային ուլտրաձայնային թերապիան (ֆոնոֆորեզը) ուժեղացնում է վերոնշյալ ազդեցությունները, առաջանում է դեղորայքի պահեստ պաթոլոգիական օջախում։ Շնչառական օրգանների խրոնիկական հիվանդությունների դեպքում ուլտրաձայնային թերապիան  կիրառվում է ռեաբիլիտացիոն շրջանում, սրացումներից հետո, կանխարգելիչ կուրսերով։

Լազերային թերապիան (ինֆրակարմիր լազեր, HIRO 3.0 և MLS MPHI, ASA Laser, Իտալիա) կիառվում է բոլոր թոքային, կայուն կլինիկական պատկերով հիվանդությունների կոմպլեքս բուժման մեջ՝ մյուս ֆիզիոթերապևտիկ միջամտությունների հետ զուգընթաց։ Այն բարձրացնում է բջիջների կայունությունը անբարենպաստ ֆակտորների նկատմամբ, խթանում է ֆագոցիտոզը, ակտիվացնում է հակաօքսիդանտային համակարգը, լավացնում է միկրոշրջանառությունը, բարձրացնում է ֆիբրոբլաստների ակտիվությունը։

 

16․06․2020թ․

Ֆիզիոթերապևտ՝  Կորյուն Վահանյան